31/05/2022 10:33
«Փաստ». Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի «երկիշխանություն». կկասեցնի՞ նախարարության մեջ նախարարություն «ձևավորելու» փորձերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ նոր նախարար է նշանակվել, փորձում է ցույց տալ, որ ինքն է իր «գլխի տերն» ու «ասողը», այսինքն, լինելով ԱԻՆ ամենամեծ ստորաբաժանման ղեկավարը՝ կարող է իրեն թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանը փորձում է արտակարգ իրավիճակների նախարարությունում յուրատեսակ ինքնիշխանություն հաստատել:
Սակայն, մեր տեղեկություններով, նախարարությունում վստահ են, որ նախարար Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի նման «երկիշխանություն», կկասեցնի նախարարության մեջ նախարարություն «ձևավորելու» փորձերն ու վերջ կդնի Գասպարյանի ներքին «խաղերին», հատկապես, որ Փամբուխչյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի հնագույն զինակիցներից ու ամենահավատարիմ թիմակիցներից մեկը: Հավելենք, որ Գասպարյանը համակարգ է եկել ոստիկանությունից և 2021թ. մարտի 2-ին միանգամից նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն: Ի դեպ, մինչ այդ նշանակումը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից ազատվելու հետո 2020թ. նոյեմբերի 9-ից 2021 թ. մարտի 2-ը եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում»։