31/05/2022 10:13
«Ժողովուրդ». Այլ դատավորներ ևս կներգրավվեն. անհրաժեշտությունը ծագել է ընդդիմադիրների քայլերից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ-ն առաջարկում է դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանում ծագել են մի շարք խնդիրներ՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված: Նշված տեսակի գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրում են անհապաղ քննության իրականացում, ինչը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել նմանատիպ գործեր քննող դատավորների սահմանափակ թվակազմի պատճառով:
Հետևաբար, անհրաժեշտություն է ծագել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի միայն քրեական գործեր քննող գործող դատավորների թվակազմից անհրաժեշտության դեպքում այլ դատավորների ևս ներգրավել քննարկման առարկա գործերի քննությանը: Չի բացառվում, որ այս անհրաժեշտությունը ծագել է ընդդիմադիրների քայլերից հետո, երբ ավելի շատ քրեական գործեր են հարուցվում, ու դատավորները չեն հասցնում քննել դրանք»։