01/06/2022 12:05
Հունիսի 1-ը մանկական հոգեբանի աչքերով. խորհուրդներ ծնողներին
Հունիսմեկյան բարձր տրամադրությունը, գունեղ փուչիկներն ու քաղցր բամբակն, իհարկե, ապահովում են երեխայի շուրջ հաճելի ու դրական մթնոլորտը, սակայն շատ ծնողներ մոռանում են, որ տոնն իրականում երեխայի պաշտպանության, մշտատև հոգատարության ու նրա հետ ընկերության մասին է։
Մանկական հոգեբան Մերի Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ծնողների կողմից թույլ տված ամենատարածված սխալներին, որոնք ապագայում կարող են բացասաբար ազդել իրենց երեխաների ֆիզիկական առողջության և մտավոր հավասարակշռության վրա։
«Անմիջապես ուզում եմ ասել, որ, հազվադեպ բացառություններով, այս բոլոր սխալներն արվում են լավագույն մտադրություններով։ Ավելի շուտ, ծնողներն անկեղծորեն հավատում են, որ նրանք գործում են ի շահ երեխայի։ Բայց ես հաճախ եմ ականատես լինում, թե ինչպես ժամանակի ընթացքում նման դաստիարակության արդյունքը հանգեցնում է երեխայի ինքնամփոփության, ծնողներին չվստահելու և նրանցից խուսափելու սովորության», - ասաց մասնագետը։
Հոգեբանն իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է կազմակերպվող միջոցառումների, հետաքրքիր ժամանցի համար, սակայն պետք է հիշել մի կարևոր բաղադրիչ. երեխան իրեն պաշտպանված, սիրված, ցանկալի և արժեքավոր պետք է զգա միշտ, և առաջին հերթին իր ընտանիքում։
«Շատ ծնողներ կարծում են, որ երեխաները պետք է ընտրության անսահման թվով տարբերակներ ունենան: Իրականում դա շփոթեցնում է երեխաներին և, ի վերջո, ձևափոխում նրանց։
Շատ հաճախ երեխաները ինչ-որ բան անում են միայն այն դեպքում, եթե հետագայում գովասանքի են արժանանում, կամ պարգևատրվում: Եվ ոչինչ չեն անում, եթե չկա մրցանակ, կամ ոգևորված ծափահարություններ։ Այդպիսով, նրանք կմեծանան՝ մտածելով, որ միայն գնումները, խաղալիքները, ձեռքբերումները են տանում դեպի երջանկություն։ Ծնողների խնդիրն է երեխաներին սովորեցնել, որպեսզի իրենք իրենց երջանիկ դարձնեն», - մանրամասնեց Մերի Հարությունյանը։
Ամենապարզը մտածելն է, որ խիստ վերահսկողությունը նպաստում է երեխայից՝ լավ մարդու և հաջողակ մասնագետի ձևավորմանը։ Բայց այսպես դաստիարակված երեխաների մոտ ամեն ինչում անառողջ պերֆեկցիոնիզմ է զարգանում. նրանք պետք է կատարյալ տեսք ունենան, բոլորին գոհացնեն, առաջինը լինեն ամեն ինչում, այդ թվում՝ սպորտում և ուսման մեջ։ Երբ նրանք սխալվում են, նրանք իրենց անարժեք են զգում, և իրենց հանդեպ զայրույթը կարող է հանգեցնել վատ հետևանքների։
Որոշ ծնողներ կարծում են, որ երեխան միշտ պետք է ինչ-որ բանով զբաղված լինի, և որ ծնողների խնդիրն է այնպես անել, որ երեխաները երբեք չձանձրանան։ Բայց այդ դեպքում երեխաները չեն սովորի լինել ստեղծագործ և հնարամիտ, նրանք չեն սովորի հաճելի ժամանակ անցկացնել իրենք իրենց հետ:
Գիտական բազմաթիվ վերլուծություններ փաստում են, որ երեխաներն ավելի լավ են քնում և իրենց սիրված են զգում, երբ ծնողները հետաքրքրություն են ցուցաբերում իրենց համար կարևոր իրադարձությունների նկատմամբ:
Հոգեբանը զրույցի ընթացքում շեշտադրեց այն կարևոր հանգամանքը, որ դաստիարակության պրակտիկայում պետք է բացառել ֆիզիկական պատժի ցանկացած դրսևորում.
«Ցավոք, հայկական ընտանիքներում տարածված է հետույքին «սովորական» ապտակների, «անկյուն կանգնեցնելու» և շատ այլ արմատացած վատ սովորություններ, որոնք կարող ենք խեղաթյուրել երեխաների հոգեֆիզիոլոգիական վիճակը»։
Զրույցի վերջում մանկական հոգեբան Մերի Հարությունյանը տվեց ծնողների համար առանցքային խորհուրդ.
«Հունիսմեկյան տոնում կարևորեք բովանդակությունը, այլ ոչ թե ձևը։ Ֆիզիկական պատիժը չի կարող անել այնքան, որքան կարող է անել սերը»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։