01/06/2022 17:10
Ինչո՞ւ է վերջին տարիներին «տանը մնացածների» թիվն անշեղորեն աճում. պարզաբանում է հոգեբանը
Ընտանիք կազմելը և զավակներ ունենալը դարեր շարունակ հայկական իրականության մեջ բարձրագույն արժեքներ են եղել։ Ընդ որում՝ երիտասարդներն ամուսնացել են բավական վաղ տարիքում, իսկ ում բախտն այս հարցում չի բերել, շրջապատի կողմից պիտակավորվել է «տանը մնացած» արտահայտությամբ։
Ժամանակի հետ, սակայն, ավանդական բարքերը լուրջ փոփոխությունների են ենթարկվել, և մեր օրերում քչերն իրենց թույլ կտան ամուսնանալ չշտապող երիտասարդներին կնքել այս տհաճ «հաճոյախոսությամբ»։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ են վերջին տարիներին երիտասարդները Հայաստանում ուշ ամուսնանում, ինչո՞ւ է «տանը մնացածների» թիվն անշեղորեն աճում։
Aysor.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրույցել է հոգեբան Իրիան Ծատուրյանի հետ։
Ըստ հոգեբանի՝ 44-օրյա պատերազմում մեծ թվով երիտասարդների զոհվելուց հետո աղջիկների ուշ ամուսնալու պատճառը ավելի քան ակնհայտ է։
«Երբ խոսում ենք 23-24 տարեկան աղջիկների մասին, միանգամից հիշում ենք 2 տարի առաջ պատերազմում զոհված երիտասարդ մեր տղաներին։ Հիմա նրանք կարող էին 24-25 տարեկան լինել, այսինքն՝ ամուսնական ամենալավ տարիքում։ Փաստորեն աղջիկների մի ամբողջ սերունդ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ամուսնանալու հնարավորություն չունի։ Մյուս կողմից շատ տղաների ծնողներ երկրից տանում են իրենց որդիներին՝ վախենալով հնարավոր նոր պատերազմից։ Այսպիսով, ունենում ենք դեմոգրաֆիկ շատ լուրջ իրավիճակ», - ասաց մեր զրուցակիցը։
Ուշ ամուսնանալու հաջորդ կարևոր պատճառը, ըստ Իրինա Ծատուրյանի, գործնական կյանքում ձեռքբերումների հասնելն է,կամ ինչպես ընդունված է ասել՝ կարիերա անելը։ Բայց անգամ այս դեպքում աղջիկները հաճախ պարտադրված են գնում այս քայլին, քանի որ ամուսնական համապատասխան տարիքի տղաներ պարզապես չկան։
«Տանը մնալու» ոչ պակաս կարևոր դրդապատճառներից մեկն էլ, հոգեբանի խոսքով, երիտասարդների ֆինանսական վիճակն է։
«Եթե նախկինում շատ ծնողներ ասում էին՝ «բալիկ ջան, ամուսնացիր, մնացածը քո գործը չի» և հոգում էին երիտասարդ ընտանիքի գրեթե բոլոր կարիքները, ապա այժմ զավակներն իրենք են շատ հաճախ հոգում իրենց ծնողների կենցաղը, պահում նրանց։
Ուշ ամուսնանալու կամ ևս մի գործոն է սեռական կյանքի «հասանելիությունը»։ Եթե առաջ երիտասարդները սեռական կյանքով սկսում էին ապրել առավելապես ամուսնանալուց հետո, ապա այժմ ավելի ազատ են և սեռական պահանջները կարողանում են բավարարել մինչև ամուսնությունը կամ նույնիսկ առանց ամուսնանալու։ Մանավանդ տղաներն ունենում են զուգընկերուհիներ և բոլորովին չեն շտապում ամուսնանալ», - ասաց Իրինա Ծատուրյանը։
Վերջում հոգեբանն ընդգծեց, որ շատ երիտասարդներ ամուսնանալուց զերծ են մնում վախերի, ընտանիքի կայուն մոդել չունենալու պատճառով։ Օրինակ՝ բաժանված ծնողների զավակները միշտ մտավախություն են ունենում, որ իրենց կյանքն էլ կարող է չդասավորվել, ինչպես չի դասավորվել իրենց ծնողների կյանքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։