01/06/2022 13:43
Հայկական արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում. Նախարար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաստատում է՝ հայկական արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում։ Մանրամասներ, սակայն, նախարարն այս պահին չի ներկայացնում:
«Արբանյակի հետ կապված որոշ հարցեր կան, որոնց մասին այս պահին չենք կարող խոսել, ամբողջությամբ դա դեռ գաղտնազերծված թեմա չէ: Զգուշությունը պահելու համար ես կխնդրեմ, որ այս հարցի մասին խոսենք ուշ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախարարը:
Նա ասաց, որ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց խնդրեց զգուշավոր լինել այս հարցում:
«Մանրամասներ չենք կարող ներկայացնել», - նշեց Խաչատրյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը միայն վստահեցրեց, որ, այո՛, սահմանազատման գործընթացում անպայման օգտագործելու է արբանյակը: «Ցանկացած նպատակի համար, որ կարող է նպաստավոր լինել մեր երկրի համար, օգտագործվելու է», - ընդգծեց նախարար Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։