01/06/2022 14:51
Վահան Քերոբյանը հունիսի 11-ին Վերին Լարսում կհանդիպի ռուս գործընկերների հետ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են:
«Ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան, դրա պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը:
Նա հիշեցրեց, որ հունիսի 15-ից արդեն գործելու է լաստավանային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա էապես թեթևացնել բեռը: ՀՀ կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2,5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:
«Ես անցած շաբաթ խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, որ մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք», - նշեց Էկոնոմիկայի նախարարը:
Չնայած բարդություններին, Քերոբյանի խոսքով, ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում, արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ բեռներն առանձին հերթով անցկացնելու հնարավորությանը՝ Քերոբյանն ասաց, որ բանակցությունները դեռևս ընթացքում են, որոշ դրական տեղաշարժեր տեսնում են այդ ուղղությամբ, բայց դեռևս վերջնական դրական արդյունքի չեն հասել: