01/06/2022 11:12
Կրիպտոակտիվների միջոցով հարկերից խուսափելու ու փողերի լվացման դեպքեր կան. ԿԲ-ին խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի. Ռուստամ Բադասյան
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոակտիվի ձեռքբերում ու էլեկտրոնային դրամապանակի կամ այլ միջոցների վրա կրիպտոակտիվի բացում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, սակայն, այդ գործողությունները որևէ արդյունք չեն ունեցել այն պատճառով, որ հստակ կարգավորված չէ՝ կրիպտոակտիվները, ի վերջո, ի՞նչ են ու ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն:
«Աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով, մենք բազմիցս Կենտրոնական բանկին խնդրել ենք, որ այդ ոլորտն անպայման կարգավորվի, որովհետև չկարգավորելով՝ մենք թույլ ենք տալիս բազմաթիվ ստվերային գործարքներ, մինչդեռ, աշխարհում դրա փորձն արդեն կա», - ընդգծեց Բադասյանը:
Նա ասաց, որ կրիպտոակտիվների միջոցով թե՛ հարկերից խուսափելու , թե՛ փողերի լվացման դեպքեր կան, ու այդ հարցը շուտափույթ պետք է կարգավորել: