01/06/2022 09:27
«Ժողովուրդ». Արդյոք իրենց «կռուտո՞յ» են համարում ԱԺ չներկայացած պաշտոնյաները, թե՞ վարչապետ Փաշինյանն է դարձել «նախկին»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ու թեև բյուջեի քննարկումների հաստատված օրակարգով և նաև ավանդույթի ուժով սովորաբար բյուջեի քննարկումներին պետք է անձամբ ներկայանան առաջին դեմքերը և զեկուցեն կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, երեկ շատ նախարարներ ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ենթականերին էին ուղարկել խորհրդարան՝ հաշվետվություն տալու:
Մասնավորապես, բյուջեի կատարողականի քննարկումներին անձամբ չէր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, այլ խորհրդարան էր ուղարկել իր տեղակալին՝ Վարդան Մովսիսյանին: Վերջինս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչու ոստիկանապետը ներկա չէ:
Խորհրդարանական երկրում ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելուց խուսափեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Պապիկյանը քննարկմանն ուղարկել էր իր տեղակալ Արման Սարգսյանին և գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին: Որքան էլ պաշտոնյաները պատճառաբանություններ կգտնեն խորհրդարան չգալու, փաստ է, որ խորհրդարանական երկրում այդ պաշտոնյաները չեն հարգում օրենսդիր ինստիտուտի աշխատանքը:
Եվ այստեղ տեղին է մեջբերել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված դեռ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ուղղված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «Պաշտոնյաների մեջ «դեդովշչինա» կա՞: Մարզպետների մեջ կան «կռուտոյ» պաշտոնյաներ, որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու, կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին և դոկտորներին այլևս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը»։ Հիմա արդյոք իրենց «կռուտո՞յ» են համարում ԱԺ չներկայացած պաշտոնյաները, թե՞ վարչապետ Փաշինյանն է դարձել «նախկին»»։