02/06/2022 19:30
Լյարդի ճարպակալում. նպաստող գործոնները, բարդացումները
Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից է. կարգավորում է ճարպերի շրջանառությունը, ֆիլտրում է արյունը, մասնակցում էնզիմների արտադրությանը, վիտամինների, հանքանյութերի, գլիկոգենի պահպանմանը։ Լյարդի գործունեության խանգարումն անցանկալի հետևանքներ է առաջացնում. ամենատարածվածներից է լյարդի ճարպակալումը։
Լյարդը համարվում է ճարպակալված, երբ ճարպերը կազմում են կենսական օրգանի ամբողջ քաշի 5 տոկոսից ավելին։ Ալկոհոլն ընդունված է համարել լյարդի ճարպակալման հիմնական «մեղավորներից», բայց կան մարդիկ, որ չեն չարաշահում ալկոհոլ կամ շատ քիչ են օգտագործում, անուամենայնիվ ունեն լյարդի ճարպակալում։ Այս դրսևորումը ձևակերպվում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում։ Հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումն է։
Ինսուլինը կարևորագույն դերակատարություն ունի ածխաջրերի, ճարպերի նյութափոխանակության գործում։ Երբ օրգանիզմում խաթարվում է ինսուլինի ազդեցությունը, առաջանում է ինսուլինի հանդեպ կայունություն, ծագում են մի շարք հիվանդություններ, խնդիրներ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացում, լյարդի ճարպակալում։
Լյարդը ճարպ կուտակող օրգան չէ, ճարպը կուտակվում է ենթամաշկային ճարպաբջջանքում։ Երբ խաթարվում է նյութափոխանակությունը՝ այդ թվում ճարպերի, այն կուտակվում է լյարդում։ Վտանգավորն այն է, որ ախտանշաններ չեն դրսևորվում։ Հնարավոր է, որ ճարպը մնա լյարդում և որևէ խնդիր չհարուցի, բայց առավել հաճախ դեռ վերջնական չբացահայտված պատճառներով ճարպակալումը կարող է հանգեցնել լյարդի բորբոքման, որ հարաճելով վերածվում է լյարդի ցիռոզի։
Լյարդն «ամենահամբերատար» օրգաններից է, կարող է ֆունկցիան կատարել նույնիսկ երբ լուրջ խնդիրներ կան. լյարդի ճարպակալման դեպքում ախտանշաններ չեն դրսևորվում, լուռ կարող է վնասել օրգանը, որպես հետևանք առաջանում է օրգանի բորբոքում, ցիռոզ։ Եվ ցիռոզի դեպքում է, որ լուրջ ախտանշաններ են ի հայտ գալիս՝ որովայնի մեծացում, մաշկի դեղնում, կերակրափողի երակներից արյունահոսություն։ Մինչ այդ անորոշ նշաններ կարող են լինել՝ թուլություն, հոգնածություն, աջ հատվածում ծանրության զգացում։
Պարբերական հետազոտությունները կարևոր են հատկապես շաքարային դիաբետ, ճարպակալում ունեցողների դեպքում։ Լյարդի ճարպակալում ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտությամբ, բորբոքում, լյարդի պնդացում, ցիռոզ ախտորոշելու համար օգտակար են ինչպես լաբորատոր հետազոտությունները, այնպես էլ էլաստոգրաֆիան, բիոպսիան։ Քանի որ լյարդի ճարպակալումն ուղիղ կապ ունի ավելորդ քաշի հետ, խիստ կարևոր է քաշի նվազեցումը։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։