02/06/2022 20:00
Քթային արյունահոսություն. պատճառները, սխալներ՝ արյունահոսությունը դադարեցնելիս
Տարբերակում են քթային առաջնային և երկրորդային արյունահոսություն։ Առաջնայինը պայմանավորված է տեղային խնդիրներով (տրավմաներ, վիրահատություն)։ Տրավմայի դեպքում արյունահոսություն կարող է անմիջապես չլինել. տրավմայից հետո անոթները կարող են լայնանալ, որոշ ժամանակ հետո պայթել, առաջանա քթային արյունահոսություն, տեղային պատճառներից են նաև քթում բորբոքային պրոցեսները, օտար մարմնի առկայությունը, լորձաթաղանթի վնասումը։
Երկրորդային արյունահոսությունը հետևանք է մի շարք հիվանդությունների՝
• Զարկերակային գերճնշում
• Վիրուսային հիվանդություններ
• Հեմոֆիլիա
• Լյարդի, երիկամային հիվանդություններ
• Արյան անոթային համակարգի հիվանդություններ
• Մակարդելիության համակարգի խնդիրներ
• Աթերոսկլերոզ
Երկրորդային արյունահոսությունը հետևանք է հիվանդությունների, նախ պետք է վերացնել հիվանդությունների պատճառները:
Այնուամենայնիվ, զարկերակային բարձր ճնշման դեպքում պարտադիր չէ, որ բոլորի մոտ դիտվի քթային արյունահոսություն. hավանականությունը մեծանում է, երբ կան նաև տեղային խնդիրներ՝ օրինակ քթում վնասված անոթ:
Արյունահոսությունները դասակարգվում են նաև ըստ տեղակայման՝ քթի առաջային հատվածի արյունահոսություններն այնքան էլ վտանգավոր չեն, կառավարելի և վերահսկելի են, առավել վտանգավոր է քթի միջին և հետին հատվածների արյունահոսությունը, որտեղ անոթներն առավել մեծ են։
Մարդիկ հակված են ցանկացած արյունահոսութուն բնորոշել առատ. այնինչ աստիճաններ կան՝ մինչև կես լիտրը համարվում է թեթև արյունահոսություն, միջին աստիճան է համարվում կես լիտրից մինչև մեկուկեսը, ծանր է համարվում մեկուկեսից ավելին։
Երկարատև արյունահոսություն չպետք է լինի, եթե միանվագ երկարատև արյուն է հոսում, կարող է տեղի ունենալ մակարդիչ համակարգի հյուծում։ Արյունահոսությունը, եթե անգամ առատ չէ, բայց երկարատև է, պետք է միջոցներ ձեռնարկել դադարեցնելու համար, ինքնահոսի չի կարելի թողնել։
Քթային արյունահոսության դեպքում չի կարելի արյունահոսողին պառկեցնել մեջք վրա (եթե մարդը չի կարող նստել, ցանկալի է պառկեցնել կողքի) կամ գլուխը հետ տանել. այս դեպքում արյունը ոչ թե դադարում է հոսել, այլ հոսում է դեպի շնչուղիներ, ստամոքս: Սպիրտ չի կարելի կաթեցնել, քթարմատին ցուցված է դնել սառույց կամ սառը թրջոց: Եթե արյունահոսությունն օրինակ արևահարման հետևանք է, ապա պետք է արյունահոսողին հով տեղ տանել, հեղուկ տալ, եթե հետևանք է բարձր ճնշման, պետք է հիմնական պատճառը վերացնել՝ ճնշումը կարգավորել: Կարևոր է, որ արյունահոսության դադարից հետո մեկ ժամվա ընթացքում քիթն ուժեղ չմաքրել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։