02/06/2022 10:21
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը ՔՊ վարչության անդամ դառնալու համար չի առաջադրվել․ չի՞ կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է՝ 48 առաջադրում կա։ Գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները և մի քանի եզրահանգում արել։ Գուցե Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետևություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։
Ուշագրավ է, որ առաջադրվել է նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։ Առաջադրվել է նաև նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»։