02/06/2022 11:09
ՄԻՊ-ը կարևորում է ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքը. խոսակցություն են սկսել որոշ պատգամավորների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ջանքեր է գործադրում՝ աջակցելու գերիների, պահվող քաղաքացիական անձանց ու անհետ կորած անձանց վերադարձի ուղղությամբ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նա ասաց, թե աջակցում են նաև գերիների ընտանիքների խնդիրների լուծմանը:
«Դրանք սոցիալական են, տնտեսական ու հոգեբանական, այս առումով մենք շատ ակտիվ ենք ներգրավված ընտանիքների հետ աշխատանքներում, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, նաև հետևում ենք գործերի ընթացքին», - ասաց ՄԻՊ-ը:
Նա ընդգծեց, թե հետպատերազմական հումանիտար խնդիրների հաղթահարումը առաջնահերթություն է իրենց համար:
ՄԻՊ-ը կարևորում է նաև ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքը:
«Այս առումով մենք սկսել ենք այս խոսակցությունները տարբեր շահակիցների հետ, դրանք նաև ԶԼՄ-ներն են, որոշ պատգամավորներ, նաև քաղհասարակությունը», - ասաց Գրիգորյանը:
Երրորդ առաջնահերթությունը ՄԻՊ-ի համար հավասարության օրակարգն է:
«Սա շատ մեծ օրակարգ է, որի ներքո պետք է հասկանալ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացումը, պետք է հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության ու տարբերակված վերաբերմունքից պաշտպանության մեխանիզմները, պետք է հասկանալ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը, այս առումով բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Արդարադատության նախարարության ու քաղհասարակության հետ։ Բոլորի համոզմունք այն է, որ մեզ պակասում է համակարգային, լիարժեք օրենսդրություն, որը կսահմանի՝ ինչ է խտրականությունը, կտա դրա տեսակները, որը կնախատեսի պաշտպանության մեխանիզմներ», - հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը: