02/06/2022 11:29
Հուլիսի 1-ից բնակարանը կամ ավտոմեքենան կանխիկ գումարով գնելու դեպքում գործարքը կարող է առոչինչ համարվել, խնդրում եմ ուշադիր լինել. Փաշինյան (Տեսանյութ)
Կանխիկ գործարքների շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։
«Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թ. հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Եթե հանկարծ որևէ պարագում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։ Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել», - ասաց վարչապետը։
Նա նշեց նաև, թե հանկարծ որևէ մեկը թող չմտածի, որ կառավարությունն այսպիսով ուզում է մարդկանց կյանքը բարդացնել։
«Ընդհակառակը, մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ անկանխիկ գործարքի հետ կապված խնդիր կա առևտրի կետերի հետ.«Մենք ասում ենք, որ 300 հազար դրամն է այն առավելագույն ծավալը, որ կարելի է կանխիկ առևտուր անել, բայց, օրինակ, սուպերմարկետում կարելի է մի ժամվա մեջ 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անել նույն մարդու կողմից։ Հասկանում ենք, որ տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց մենք պետք է գնանք այս ուղղությամբ»։
Սոցիալական բաղադրիչին անդրադառնալով, Փաշինյանն ասաց, թե կանխիկի շրջանառության կրճատումից սոցիալական էֆեկտներ կլինեն։
Հիշեցնենք՝ կառավարությունը որոշում է ընդունել, որ 2022 թ․ հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ արդեն 3 բանկ միացել է ծրագրին։
«Շուրջ 560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում», - ասաց նախարար Մկրտչյանը։