02/06/2022 16:33
Մի հարց ենք տվել, իրենք 72 հոգով չեն կարողանում պատասխանել. Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը
Վաղը նախատեսված ԱԺ արտահերթ նիստի օրակարգը հստակ է։ Արտահերթ նիստի պահանջով ենք հանդես եկել, որպեսզի ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով․ դա այն բոլոր կարմիր գծերն ու սկզբունքներն է, որով պետք է առաջնորդվի ցանկացած հայամետ իշխանություն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունը մշտապես հայտարարել է, թե ընդդիմությունն օրակարգ չունի, խորհրդարան չի գալիս, որովհետև ասելիք չունի, և որ ընդիմության փողոցային պայքարի նպատակը ոչ թե Արցախն ու Հայաստանն են, այլ ընդամենն իշխանության գալը։
«Մենք ասացինք՝ արտահերթ նիստ հրավիրեք, սա էլ օրակարգը, որտեղ ձևակերպված են այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր երկրի գոյության և Արցախի լինելիության համար։
Մի հարց ենք տվել, իրենք 72 հոգով չեն կարողանում պատասխանել։ Պարզ ձևակերպել ենք՝ եկեք, ասեք, որ որևէ պարագայում չենք պատկերացնում լուծում, երբ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Իսկ իրենք ասել են, որ իրավունք չունեն դա ասելու», - հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը։