02/06/2022 09:52
«Փաստ»․ Արցախի քաղաքական ուժերը պատրաստվում են ակցիաներ կազմակերպել՝ արտահայտելով հստակ դիրքորոշում ՀՀ իշխանությունների քաղաքականության վերաբերյալ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին զուգահեռ, մարդաշատ երթ ու հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, որտեղ նույնպես բազմահազար արցախցիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին։
Նրանց հատկապես նյարդայնացրել են Վերածննդի հրապարակում իրենց հասցեին հնչած կոշտ հայտարարություններն ու դատապարտող կոչերը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած Արցախում գոյություն ունեցող ռազմական դրությանը և հանրահավաքների սահմանափակումներին, Արցախի քաղաքական ուժերն առաջիկայում պատրաստվում են նմանօրինակ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքն ու հստակ դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։
Ճի՛շտ է, ինչպես մեզ ասաց մեր զրուցակիցներից մեկը, նշված գործողությունները չեն կրի ինտենսիվ բնույթ, սակայն այդ կերպ արցախցիներն իրենց ազդակներն են փոխանցելու Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող գործողություններին։ Արցախում հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հետ ոչ մի կերպ հույս կապել չի կարելի, և «Արցախի ադրբեջանականացումը» կանխելու համար, Հայաստանում միանշանակ պետք է լինի իշխանափոխություն»։