02/06/2022 19:53
Պետք է վերջ տալ բնության դեմ վարվող ինքնասպան պատերազմին․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
Համաշխարհային հանրությունը տարեկան սպառում է ծրագրվածից երկու անգամ ավելի շատ ռեսուրսներ, ինչը կործանարար է մոլորակի համար․ անհրաժեշտ է վերջ տալ բնության դեմ ինքնասպանական պատերազմին, շրջակա միջավայրի խնդիրների քննարկմանը նվիրված «Ստոկհոլմ 50+» համաժողովի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Այսօր համաշխարհային բարեկեցությունը սպառնալիքի տակ է՝ հիմնականում այն պատճառով, որ մենք չենք կատարել շրջակա միջավայրը պահպանելու մեր խոստումները։ Այո, մենք փրկեցինք օզոնային շերտը, ինչը միջազգային համագործակցության փայլուն դրսևորում է և մեզ պետք է ոգևորի նաև առաջիկայում, սակայն մեր բարեկեցության զարգացմանն ու մոլորակի բնակչության թվաքանակի ավելացմանը համընթաց՝ մարդու գործունեությունը շրջակա միջավայրի վրա ավելի ու ավելի ծանր ազդեցություն է ունենում»,- ասել է Գուտերեշը։
Նա զգուշացրել է, որ մոլորակի էկոհամակարգերը կարող են պարզապես չդիմանալ մարդկության պահանջներին։
«Եթե համաշխարհային սպառումը ամենահարուստ երկրների մակարդակին լիներ, ապա մեր պահանջները բավարարելու համար երեք Երկիր մոլորակ հարկավոր կլիներ»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ էկոհամակարգերի դեգրադացիան հանգեցնում է կենսաբազմազանության կորստի, վտանգում 3 միլիարդից ավելի մարդու կյանք։
«Մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը և վերջ տանք բնության դեմ ինքնասպան պատերազմին»,- ընդգծել է Անտոնիո Գուտերեշը։