02/06/2022 19:41
Կոտայքի մարզի տրանսպորտային ցանցն արդիականացվում է․ կանոնավոր ուղևորափոխադրման մրցույթում հաղթել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը (Տեսանյութ)
Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրման մրցույթում հաղթել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը՝ ստանալով երթուղիները 10 տարով սպասարկելու իրավունք։ Ամբողջությամբ նոր մեքենաներով միասնական երթուղային ցանց ներդրվել է միայն Կոտայքի մարզում։
Մարզի տրանսպորտային ցանցն արդիականացնելիս Չինաստանից արդեն ներկրվել են և դեռ ներկրվելու են բարձրակարգ ավտոբուսներ, արվում են ներդրումներ՝ ենթակառուցվածքները բարեկարգելու համար։
«Ունենք խոշոր, մոտ 7-8 միլիոն դոլարի ներդրումներ, բայց նաև հավելյալ մոտ 1 միլիոն դոլարի՝ ենթակառուցվածքների մասով։ Այսինքն, սպասարկման կայաններ ենք ստեղծում Կոտայքի մարզի տարբեր համայնքներում։ Այս պահին կառուցում ենք Չարենցավան քաղաքում, կլինի Եղվարդում և այդպես շարունակ։
Ունենք 30 բարձրակարգ ավտոբուսներ, որոնք ներկրվել են Չինաստանից։ Այս պահին ունենք ներկրված «Գազել» մակնիշի 86 տրանսպորտային միջոցներ, արդեն հավելյալ ստանում ենք ևս 40 ավտոբուսներ՝ կրկին Չինաստանի արտադրության, և մոտ ժամանակներս կունենանք ամբողջական միասնական ցանց՝ սպասարկման համար»,- ասում է «Մուլտի տրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանը։
Տրանսպորտի սակագինը, նրա խոսքով, հաշվարկվել է՝ ներառելով նաև տրանսպորտային միջոցների տեխզննման, տեխնիկական սպասարկման ծախսերը։ Արթուր Դալլաքյան ընդգծում է՝ այս ամենն արվում է բնակչությանն անվտանգ սպասարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում