03/06/2022 19:00
Ամբլիոպիա. ծույլ աչք. առաջացման պատճառները, բուժումը
Ամբլիոպիան տարածված խնդիր է, խիստ կարևոր է վաղ ախտորոշումը, քանի որ բուժել հնարավոր է միայն կյանքի առաջին յոթ տարում: Ծույլ աչքի առաջացման հիմնական պատճառը անիզոմետրոպիան է (երբ մի աչքի ռեֆրակցիան տարբերվում է մյուսից):
Ամբլիոպիան ենթադրում է տեսողական պոտենցիալի զարգացման խանգարում: Հիմնականում դրսևորվում է մի աչքում տեսողության սրության իջեցմամբ՝ չնայած աչքի կառուցվածքի խաթարում չի դիտվում (տվյալ աչքում զարգացած է մակուլան և նյարդային համակարգը): Աչքի ծուլությունը գլխավորապես պայմանավորված է գլխուղեղի կեղևում տեղի ունեցած խաթարումներով:
Ամբլիոպիայի պատճառներից են նաև շլությունը, աչքի կառուցվածքային խնդիրները՝ պտոզ( կոպի կախվածություն), կատարակտա, եղջերաթաղանթի քերծվածք:
Ախտանշանները
Երեխայի վարքը հիմնական ցուցիչն է խնդրի. եթե փորձեն փակել երեխայի լավ տեսնող աչքը, առաջանում է տագնապ, և երեխան անպայման փորձում է բացել այն՝ օբյեկտին լավ տեսնող աչքով նայելու համար (մինչև երեք տարեկանների դեպքում): Հինգ-վեց տարեկանում երեխան գիտակցում է, որ մի աչքն ավեի լավ է տեսնում մյուսի համեմատությամբ և ասում է այդ մասին:
Բուժումը
• Լույսի ֆոկուսավորման կանոնավորում ակնոցի միջոցով
• Խոչընդոտի վերացում, որը խանգարում է ցացնաթաղանթի վրա լույսի ֆոկուսավորմանը (կատարակտայի, շլության, պտոզի վիրահատություն):
• Բժշկի ցուցմամբ օրվա ընթացքում որոշակի ժամանակով առողջ աչքի ծածկում՝ զարգացնելու համար վատ տեսնող աչքի պոտենցիալը:
Կարևոր է ծնողների հոգեբանական աջակցությունը երեխաներին, քանի որ հաճախ աչքի երկարատև փակման անհրաժեշտություն է լինում:
Ամբլիոպան անտեսել չի կարելի. առողջ աչքի հետ կապված հնարավոր է խնդիրներ առաջանան և ծույլ աչքը չծառայի մարդուն՝ ազդելով կյանքի որակին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։