03/06/2022 19:20
Ստորին գոտկային ցավային համախտանիշ. ախտանշանները, կանխարգելումը, բուժումը
Մեջքի ստորին գոտկային հատվածը ընդունված է համարել ողնաշարի խոցելի և առավել ախտահարվող հատված՝ պայմանավորված մշտական ծանրաբեռնվածությամբ։
Ստորին գոտկային ցավային համախտանիշ. գանգատ է, որ դրսևորվում է բավական հաճախ, առավել բնորոշ է 40 և բարձր տարիքի մարդկանց։ Ընդունված է մեկնաբանել իբրև միջողային սկավառակների պատճառով առաջացած ցավ. կարող են ախտահարված լինել ողնաշարի մաս կազմող տարբեր ստրուկտուրաներ։
Ցավը կարող է հետևանք լինել ոչ ճիշտ կենսակերպի, ինչպես ֆիզիկական գերծանրաբեռնվածության, այնպես էլ թերծանրաբեռնվածության, ինչպես նաև սկավառակի ճողվածքի։
Կարևոր են պատանեկան հասակում ողնաշարի խնամքը, կենսակերպի ճիշտ կազմակերպումը, գործոն են նաև գենետիկան, ողնաշարի կառուցվածքը։
Ախտանշանները
Տևական (մի քանի շաբաթ տևող) ցավ, որ պահպանվում է անգամ դեղորայք օգտագործելու դեպքում։ Խնդիրը կարող է բարդանալ միջողային սկավառակի ճողվածքի մեծացման, նյարդաարմատային ճնշման, ներխողովակային ստրուկտուրաների գերաճի հետևանքով, որ առաջացնում է ողնուղեղային խողովակի նեղացում և երկրորդային սեղմում։ Որպես հետևանք կարող է դիտվել ցավ, թմրածություն, մկանային անուժություն։
Ախտորոշելիս կարևոր է կլինիկական քննությունը՝ պարզելու կենսակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրթոպեդիայում ախտորոշման առաջին քայլ ընդունված է համարել ռենտգենաբանական քննությունը, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան(ՄՌՏ) երկրորդ քայլն է։ Ռենտգենաբանական քննությունը հնարավորություն է տալիս զննել մարդու կառուցվածքը կանգնած վիճակում՝ աշխատանքային՝ ուղղահայաց դիրքում։
Բուժում (կոնսերվատիվ և վիրաբուժական)։
Կոնսերվատիվ՝ հակաբորբոքային, մկանային սպազմը մեղմով հաբեր, ներարկումներ, եթե կոնսերվատիվ միջամտությամբ հաջողվում է ցավային համախտանիշը նվազեցնել, նշանակվում է անհատական վերականգնողական ծրագիր։
Կանխարգելման համար կարևոր է հետևել ավելորդ քաշին, մկանային զանգվածին, ֆիզիկական ակտիվությանը։ Կանոնավոր մարմնամարզությունը, որովայնի, ողնաշարի մկանները զարգացնելը, աշխատանքի, կրթության ճիշտ կազմակերպումը ևս օգտակար են։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։