03/06/2022 17:56
Փաշինյանը փորձելու է աշխարհի որևէ տեղում թաքնվել, փրկվել, բայց ժողովրդի դատից փրկություն չկա․ Արմեն Աշոտյան
Պայքարի դուրս եկած քաղաքացիները Հանրապետության հրապարակում են, կառավարության շենքի մոտ։ Շենքն օղակված է բազմաթիվ ոստիկաններով, իսկ քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ վարչապետ Փաշինյանը լքել է կառավարության շենքը։
«Նորից փախել է, փախել է, ինչպես փախչում է միշտ։ Փախել է, ինչպես փախչում են բոլոր դավաճանները։ Մարդը, որը վախենում է հայերից, վախենում է թուրքերից, վախենում է ադրբեջանցիներից, վախենում է սեփական կնոջից, այդ մարդը մեզ կարո՞ղ է ղեկավարել», - կառավարության շենքի մոտ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայաստանը Նիկոլի պատճառով այլևս գոյություն չունի աշխարհի քարտեզի վրա՝ որպես գործոն։ Սրտի ցավով եմ ասում, որ մենք վերածվել ենք խղճահարության օբյեկտ ժողովրդի։ Մեզ բոլորը խղճում են, բայց ոչ ոք չի հարգում։ Չի հարգում, որովհետև մեզ ներկայացնում է մի մարդ, ով դավաճանության, ապիկարության համաշխարհային համբավ ունի։
Այնքան ժամանակ, որքան հայ ժողովուրդը հանդուրժի Նիկոլին՝ որպես վարչապետ, այդքան ժամանակ մեզ վրա բոլորը ոտք են սրբելու։ Այնքան ժամանակ, որքան Նիկոլ Փաշինյանը բանակցի Հայաստանի ու Արցախի համար, այդքան ժամանակ մեր երեխաներին սպանելու են, մեր հողերը վերցնելու են, մեր գերեզմանները պղծելու են, մեր պապերի տնկած ծառերը կտրելու են, մեր օջախները պղծելու են»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա շեշտեց՝ Փաշինյանն իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդին։
«Նա ոչնչություն է, ով շուտով 1 000 մանաթով մկան ծակ է ման գալու՝ աշխարհի որևէ տեղում թաքնվելու համար, փորձելու է փրկվել, բայց հայ ժողովրդի արդար ցասումից փրկություն չկա, ժողովրդի դատից փրկություն չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը։