03/06/2022 17:06
Գիտենք՝ ով է ՔՊ-ի հրահանգ տվողը, ով է որոշումների տերը, դրա համար էլ այս պահին գնում ենք կառավարություն. Իշխան Սաղաթելյան
Մենք խորհրդարան ներկայացրեցինք մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված են հայ ժողովրդի կենսական շահերը ներկայացնող մինիմալ սկզբունքները և պահանջները։ Մենք հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որպեսզի խելքի գա, բայց իշխանությունը չհասկացավ, հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այդ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կար, ոչ էլ ներքաղաքական անդրադարձ։ Փաստաթուղթն ամբողջությամբ նվիրված էր Արցախի և Հայաստանի անվտանգությանը։ Ի՞նչ էինք ասում. ասում էինք՝ եկեք, փաստեք, որ չեք ուզում՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Ընդամենն այս հարցի պատասխանն էինք ուզում։ Չեկան, ԱԺ նիստը տապալեցին», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ ժողովրդի շահերը սպասարկել հրաժարվող ուժն այդ պահից այլևս լեգիտիմ չէ։
Սաղաթելյանի խոսքով՝ այսօր իսկապես ջրբաժանի օր է՝ հասկանալու, թե ով է ժողովրդի հետ, ով՝ ժողովրդի դեմ։
«Մենք գիտենք, թե ով է ՔՊ-ի հրահանգ տվողը, ով է որոշումների տերը, դրա համար մենք այս պահին գնում ենք ոչ թե խորհրդարան, այլ կառավարություն։ Գնում ենք կառավարություն՝ մոտիկից, ուղիղ ներկայացնելու մեր պահանջները», - ասաց Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահի ելույթից հետո մեկնարկեց երթը՝ դեպի կառավարության շենք։