03/06/2022 11:21
Արցախի սոցիալական աջակցության տրամաբանությունից դուրս ենք եկել. Նախարար
Ադրբեջանի կողմից 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազամական գործողությունների հետևանքների մեղման նպատակով, 2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փաստացի տրամադրվել է շուրջ 61,4 միլիարդ դրամ գումար, այդ թվում՝ ռազմական դրությամբ պայմանավորված, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառման համար հատկացվել է 27 միլիոն 929 հազար դրամ։ Ռազմական դրությամբ պայմանավորված, Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջացության տրամադրման միջոցառման համար հատկացվել է 181 միլիոն 534 հազար դրամ», - ասաց նա:
Դրամական աջակցություն է տրամադրվել նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին. ավելի քան 20 ծրագիր է իրականացվել։
«Դրանց շարքին է պատկանում նաև դրամական աջակցություն քաղաքացիական անձանց շրջանակում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռքբերած անձանց, Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրումը, և այլն։ Հիմա, ըստ էության, մենք Արցախի սոցիալական աջակցության տրամաբանությունից դուրս ենք եկել և, համաձայնեցված Արցախի մեր գործընկերների հետ, արդեն մեր բոլոր միջոցառումները պետք է ուղղենք դեպի զարգացման ծրագրերին և դուրս գանք սոցիալական աջակցության տրամաբանությունից», - նշեց Նարեկ Մկրտչյանը։