03/06/2022 14:12
Լավրովը կմեկնի Անկարա․ Չավուշօղլուի հետ քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցը
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ Լավրովը հանդիպելու է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային օրակարգում եղած հարցերի շուրջ։
«Առաջին հերթին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան կարգավորման հարցը, Բալկանների, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի իրավիճակը», - նշել է Զախարովան։