03/06/2022 10:52
2021 թվականին Հայաստանում շուրջ 10 հազարով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը
Հայաստանում նախորդ տարի վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստառու ընտանիքների թիվը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
2021թ․ պետական բյուջեից տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծմանը փաստացի ուղղվել է շուրջ 7.3 միլիարդ դրամ:
Զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1.7 միլիարդ դրամ, որը ներառել է նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը, որից 209.5 միլիոն դրամն ուղղվել է պատերազմի ազդեցության ուղղմանը:
«Անապահով սոցիալական խմբերին աջակցության, անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է շուրջ 78.3 մլրդ դրամ, որից 30.4 մլրդ դրամն ուղղվել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին: Օբյեկտիվ վարչարարության արդյունքում շուրջ 10 հազարով նվազել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստառու ընտանիքների թիվը», - ասաց սոցապնախարարը: