04/06/2022 19:20
Խոցային հիվանդությունների պատճառները, ախտանշանները, բուժումը
Խոցը ստամոքսաաղիքային տրակտի պաթոլոգիա է, որ արտահայտվում է ստամոսքի կամ 12 մատնյա աղու պատում խոցային դեֆեկտների առաջացմամբ։ Քրոնիկ հիվանդություն է, դրսևորվում է ստամոքսի լորձաթաղանթի ենթալորձային, մկանային, սերոզ թաղանթի խոցային դեֆեկտների առաջացմամբ։
Եթե էրոզիայի դեպքում ախտահարվում է միայն լորձային շերտը, ապա խոցի դեպքում ախտահարումը հասնում է մկանային թաղանթ, ընդհուպ սերոզ թաղանթ։
Խոցային հիվանդությունների պատճառները՝
• հելիկոբակտեր պիլորի միկրոբը
• ալկոհոլի չարաշահում
• ծխախոտը
• ժառանգական նախատրամադրվածությունը
Ոչ վաղ հայտնաբերումը կարող է հանգեցնել բարդացումների։
Հելիկոբակտեր պիլորի միկրոբը տեղակայվում է ստամոքսաելքի հատվածում, բոլորի օրգանիզմում կարող է լինել, բայց ոչ բոլորի դեպքում կարող է առաջացնել խոց։ Գործոն են ժառանգական նախատրամադրվածությունը, դեղորայքները՝ հակաբորբոքային, հորմոնալ, աղաթթվի գերարտադրությունը, ոչ նորմալ արյունահոսքը։
Ախտանշանները՝
• Ցավ որովայնի շրջանում
• Այրոց վերորովայնային հատվածում
• Սրտխառնոց
• Փսխում
Կարող են լինել և անսիմպտոմ՝ համր խոցեր՝ հատկապես բնորոշ են տարեցներին, արտահայտվում են բարդության փուլում՝ ստամոքս-աղիքային արյունահոսության, պերֆորացիայի տեսքով։
Խոցը տարբերակվում է ըստ տեղակայման՝ 12 մատնյա աղու խոցերը հիմնականում բնորոշ են երիտասարդներին, ստամոքսի խոցերը՝ միջին տարիքային խմբին։ Ըստ տեղակայաման տարբեր է նաև խոցի կլինիկան։
12 մատնյա աղու խոցին բնորոշ է գիշերային ցավերը կամ քաղցած ցավերը։ Ստամոքսի խոցերի (կարդիալ հատվածի) դեպքում ցավ առաջանում է ուտելուց հետո կես կամ մեկ ժամ հետո։
Հիվանդությունն ախտորոշվում է գաստրոսկոպիկ հետազոտությամբ։ Հասկանալու համար արդյոք խոցային մակերեսի տակ քաղցկեղային բջիջներ կան թե ոչ, արվում է հյուսվածքաբանական հետազոտություն՝ խոցային մակերեսից բիոպտատ վերցնելով։
Հելիկոբակտեր պիլորի դեպքում արվում է միկրոբի ոչնչացում՝ էռադիկացիա։ Ստամոքսի և 12 մատնյա աղու պերֆորացիայի, պատերի վնասման (խոցի պարունակությունը լցվում է որովայնի խոռոչ՝ առաջացնելով պերիտոնիտ), ստամոքսաաղիքային արյունահոսության, ստենոզների, պենետրացիայի (խոցի անցումն է հարակից օրգաններ) դեպքում արվում է վիրահատական միջամտություն։
Հիվանդության կանխարգելման համար խիստ կարևոր է սննդակարգը, պետք է բացառել մթերքները, որ կարող են առաջացնել լորձաթաղանթի գրգռում, պետք է հրաժարվել կծու, թթու ուտեստներից, գազավորված ըմպելիքներից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։