04/06/2022 18:40
Ի՞նչ կլինի, եթե ամեն օր երշիկ ուտեք
Հարցումները ցույց են տվել, որ երշիկը, հացից և պանրից հետո, երրորդ ամենահայտնի մթերքն է նախաճաշի համար։ Ընդհանուր առմամբ՝ երշիկային արտադրանքի ծավալները վերջին տարիներին կայուն կերպով աճում են։ Ամենամեծ սպառումն ունեն եփած երշիկները և նրբերշիկները։
«ՌԴ բնակչության առողջ սնվելու վիճակի մասին» զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի ազգաբնակչության 44 տոկոսը ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ երշիկ և նրբերշիկ են օգտագործում։ Ինչի՞ կարող է հանգեցնել նման ինտենսիվությամբ երշիկեղեն օգտագործելը։
Իհարկե, մի քանի կտոր երշիկ կամ մսային դելիկատեսներ կարելի է թույլ տալ շաբաթվա ընթացքում 2-3 անգամ, կամ ավելի հազվադեպ։ Բայց եթե այդօրինակ սնունդն առկա է ամենօրյա ճաշացանկում, արդեն լավ չէ։ Ահա մի քանի հնարավոր հետևանքներ.
Ավելորդ քաշ
Երշիկների և նրբերշիկների բաղադրության մեջ քիչ սպիտակուց և շատ ճարպ ու այլ հավելումներ կան։ Համեմատության համար նշենք, որ 100 գրամ տավարի խաշած մսի մեջ կա 16-17 տոկոս ճարպ, իսկ ահա 100 գրամ եփած կաթնային երշիկի մեջ՝ 22-24 տոկոս, կիսաապխտած երշիկի մեջ՝ 30-44 տոկոս, իսկ հում-ապխտած երշիկի մեջ՝ մինչև 67 տոկոս։
Ճարպոտ այլ սննդատեսակների՝ պանրի, սերուցքային կարագի կամ բուսայուղի, քաղցրավենիքի հետ միասին նաև մեծ քանակությամբ երշիկեղեն օգտագործելն անխուսափելիորեն կհանգեցնի ավելորդ կիլոգրամների։
Հիպերտոնիայի և այտուցների առաջացման ռիսկ
Սրանց պատճառ կարող է դառնալ աղի մեծ քանակությունը։ 100 գրամ երշիկի մեջ միջինում 2.5 գրամ աղ կա, որոշ տեսակների մեջ՝ ավելի շատ։ Իսկ ահա աղի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 5-6 գրամը։
Երբ օրգանիզմը պարբերաբար ավելի շատ նատրիում է ստանում, քան անհրաժեշտ է, մկաններում հեղուկ է կուտակվում, մեծանում է զարկերակային գերճնշման և երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Օնկոլոգիական հիվանդությունների հավանականություն
ԱՀԿ փորձագետները կարծում են, որ պարբերաբար երշիկ օգտագործելը պակաս վնասակար չէ, քան ծխելը։ Ամեն օր 50 գրամ վերամշակում անցած միս՝ երշիկ, նրբերշիկ, բեկոն, ուտելը 18 տոկոսով ավելացնում է աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Որոշ ապխտած երշիկների մեջ առկա է բենզպիրեն քաղցկեղածին նյութը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։