04/06/2022 20:48
Երեկվա զանգվածային անկարգությունները վերագրում եմ ոստիկաններին․ եղել են նաև ներդրված սադրիչներ․ Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Երեկվա զանգվածային անկարգությունները վերագրում եմ ոստիկաններին, նրանք իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման և հրահրել են զանգվածային անկարգություններ, Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով երեկ Դեմիրճյան փողոցում կատարված իրադարձություններին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ խաղաղ երթին խոչընդոտելու ոչ մի տրամաբանություն չկար, ոստիկանությունն է սադրել այն, ինչը երեկ տեղի ունեցավ, և պետք է անպայման պատասխանատվություն կրի։
Վահե Հակոբյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց նաև մի խումբ ոստիկաններով մեկ հոգու նկատմամբ բռնություններ գործադրելու փաստերին, պատմեց մեկ դեպք։
«Ֆիքսել ենք, որ քաղաքացիներից մեկը, որը պարզապես փողոցն էր անցնում, նրանք կարմիր լույսի տակ՝ քիչ էր մնում վրաերթ անեին, և երբ քաղաքացին ասաց՝ ուշադիր եղեք, ի՞նչ եք անում, իջան, ոհմակով հարձակվեցին այդ երիտասարդի վրա, ծեծեցին։ Ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են ոստիկանության բաժին, հետո թույլ չեն տվել, որ շտապ օգնությունը գա, նրան առաջին օգնություն ցուցաբերի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Վահե Հակոբյանը նշեց նաև, որ երեկ Դեմիրճյան փողոցում ներդրված սադրիչներ են եղել։
«Ինքս ֆիքսել եմ մի քանի սադրիչի, մենք նրանցից մեկին պարզապես չհասցրինք վռնդել։ Նկարներն ունենք, կհրապարակենք, որ հանրությունն զգուշանա նրանցից»,- ասաց նա։