04/06/2022 20:01
Իշխանությունը փորձում է հանրահավաքները ներկայացնել որպես ոստիկանության և ցուցարարների միջև եղած խնդիր, կարծես՝ այլ օրակարգ չկա․ դրա հետ մեկտեղ՝ մաս-մաս մեր հայրենիքը զիջում է թշնամուն․ Վանեցյան
«Իշխանությունը փորձում է այս հանրահավաքները ներկայացնել, թե դա հարց է ոստիկանության և ցուցարարների միջև։ Այսինքն, մի ձև են որոշել իրենց համար, որ ներկայացնեն, թե Հայաստանում ոչ մի պրոցես չի ընթանում, մի 10-20 հոգի հավաքվել են, ինչ-որ բան են պահանջում, ու դա ոստիկանության հարցն է, որևէ այլ օրակարգ չկա։ Բայց դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ շարունակվում է Արցախի հանձնման գործընթացը, շարունակվում է դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը, որի հետևանքով կորցնելու ենք Հայաստանի տարածքներից գյուղեր, ինչը չի հերքվում հենց իշխանության կողմից»,- Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ երեկվա ԱԺ արտահերթ նիստին ՔՊ խմբակցության չներկայանալն ու Հայաստանի և Արցախի շահերից բխող հայտարարության տակ չստորագրելը այն բանի վկայությունն է, որ Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին լուծվում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։
«Դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները նպատակ ունեն մաս-մաս զիջել մեր հայրենիքը թշնամուն, նպատակ ունեն ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի՝ բարելավել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, և ուզում են զիջել Արցախը։
Եթե հակադրվելու են այս խոսքերիս, թող ոչ թե խոսքով հակադրվեն, այլ գործով և փաստով»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։