04/06/2022 14:24
«Ոստիկանները մասսայաբար ծեծում, ջարդում էին մեր քաղաքացիներին». փաստաբանները երեկվա բախումներից մանրամասներ են հայտնել
Փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ այցելել է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, նշում է՝ Արաբկիրի բաժնում ինը հոգի է եղել, որոնցից 4-ն ունեցել է մարմնական լուրջ վնասվածքներ:
«Երեքին տեղափոխել էին հիվանդանոց, ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում, հնարավոր է, այդ երիտասարդը լուրջ խնդիրներ ունենա, մի երիտասարդի մոտ ծնոտի լուրջ կոտրվածք էր», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Փաստաբանը գիշերը մինչև ժամը 02:30-ը եղել է Արաբկիրի վարչությունում. բոլորի նկատմամբ ձերբակալման վերաբերյալ որոշում է կայացվել:
«Ես ու իմ կոլեգաները վիճարկել ենք այդ որոշումը, հավանաբար, արդյունքները վաղը հայտնի կլինեն», - ասաց նա:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ նշում է, որ երեկ կիրառված լուսաձայնային նռնակի կիրառումն ամբողջությամբ խնդրահարույց էր, քանի որ պահանջ չի հնչեցվել, որ, օրինակ, երթևեկելի գոտին ազատվեր, հավաքը տեղափոխվեր այլ վայր:
«Հատուկ միջոց կիրառելիս ոստիկանը պարտավոր է հաշվի առնել ստեղծված իրավիճակն ու հատուկ միջոցի կիրառման հետևանքները», - ասաց փաստաբանը:
Նա վստահ է՝ հատուկ միջոց կիրառող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ դա նրան հրամայել են ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:
«Ո՞ւր է միջազգային հանրություն կոչվածը, ցավոք սրտի, ԵՄ դեսպանությունը, ԵԽ բոլոր կառույցները վերածվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առնթեր մարմինների, որովհետև այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է», - նշեց Կոչուբաևը:
Փաստաբան Գայանե Պապոյանն էլ ասաց, թե ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել ժողովրդին:
«Սակայն երեկ ականատես եղանք, որ ոստիկանները մասսայաբար ծեծում էին, ջարդում էին մեր քաղաքացիներին: Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի», - ասաց նա:
Պապոյանի խոսքով՝ երեկվա դեպքերը որակվել են որպես զանգվածային անկարգություններ:
«Լավ, իսկ կա՞ գեթ մեկ ոստիկան, ով ձերբակալվել է, ում մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար, հավատացած եղեք՝ չկա նման ոստիկան», - ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։
Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ: