04/06/2022 09:49
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել է Yerevan.today-ի օպերատորը, կորցրել են ուղիղ եթերի սարքը
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել է Yerevan.today-ի օպերատորը: Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտնել է, որ վնասվել է օպերատորի ոտքը, կորցրել են ուղիղ եթերի սարքը:
«Երեկոյան, երբ կառավարական ամառանոցների մոտ քաշքշուք տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, կարճ ժամանակ անց ուղիղ եթերը կորավ, ապա կորավ կապը Yerevan.Today-ի օպերատորի հետ։
Հրմշտոցի մեջ ուղիղ եթերի սարքը կորցրինք, քանի որ ոստիկանները խլում են օպերատորի ձեռքից կամերայի մոնոփոդը (սարքը, որի վրա ամրացվում է տեսախցիկը) և դրանով սկսում ծեծել ցուցարարներին։ Ոստիկանները ցուցարարներին ծեծում են էդ մետաղով։ Չգիտեմ, թե որ ցուցարարի մարմնի որ մասի վրա կոտրվում է սարքը։ Ոչ ուժեղ, բայց վնասվել է նաև օպերատորի ոտքը։
Մենք մեր փաստաբանների հետ կքննարկենք ոստիկանության գործողություններին մեր մասով իրավական ընթացք տալու հարցը։ Հուսով ենք նաև, որ ուղիղ եթերի մեր սարքը կկարողանանք հետ բերել», - գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։
Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ: