04/06/2022 11:28
Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո «РИА Новости»-ն Ադրբեջանում անհասանելի է դարձել
Ռուսական «РИА Новости» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես, Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին արգելափակել «Россия сегодня» միջազգային մեդիախմբի մեջ մտնող լրատվամիջոցները։
«Ի պատասխան գործակալության հարցմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «Россия сегодня»-ն «տիրաժավորում» է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները՝ «Ռիա նովոստիի« թղթակցի և ԼՂՀ պետնախարարի զրույցից լուրերի հրապարակման պատճառով», - գրում է «ՌԻԱ»-ն:
Գերատեսչությունը կարծում է, որ ռուսական պետական գործակալությունը, իբր, տարածում է զրպարտչական բնույթի տեղեկատվություն, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումները։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն: