04/06/2022 11:05
Նոյեմբերի 9-ից 2022-ի հունիսի 1-ը Ադրբեջանն արցախցիների նկատմամբ կատարել է 89 հանցագործություն. սպանվել է 16 անձ
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ, այս մասին հաղորդում են Արցախի գլխավոր դատախազությունից:
Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:
«2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում», - ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում: