04/06/2022 16:47
Երբ գիրքը տոն է. Մանկական գրքի առաջին փառատոնը՝ Հայաստանում
Հունիսի 1, 2 և 3-ին «Զանգակ» գրատան կողմից Անգլիական այգում կազմակերպվել էր Հայաստանում առաջին մանկական գրքի փառատոնը:
Փառատոնի մանրամասների, կազմակերպված հետաքրքիր միջոցառումների մասին Aysor.am-ի թղթակցին պատմեց «Զանգակ» գրատան հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը:
«Փառատոնը կազմակերպելիս մի կարևոր նպատակ ենք հետապնդել` երեխաների համար ստեղծել տոն, որը, պաշտպանության տոնի հետ մեկտեղ, կլինի գրքի և մշակույթի շուրջ։ Մեզ համար շատ կարևոր էր նախաձեռնությունն իրականացնել հատկապես այս օրերին, քանի որ «Զանգակ» գրատունն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը»,-ասաց Աստղիկ Օհանյանը։
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են երեխաների համար սպասված գրքերի շնորհանդեսներ. մեկնարկի օրը տեղի է ունեցել Հարրի Փոթերի 5-րդ հատորի («Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը») շնորհանդեսը, որին շուրջ երկու տարի սպասել էին երեխաները։
«Մենք երկու տարի շարունակ շատ նամակներ և հաճախ «սպառնալիքներ» էինք ստանում Հարրի Փոթերի երկրպագուների կողմից, քանի որ նրանք շատ համառ ընթերցողներ են և շատ արագ ու մի քանի անգամ ընթերցելուց հետո պահանջում են
հաջորդ հատորը։
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» կարելի է համարել Փոթերի վիպաշարի ամենաբարդ հատորը, քանի որ բավականին ծավալուն է` շուրջ 1000 էջ. չնայած այդ քանակին, որը նույնիսկ մեծերին կարող է վախեցնել, երեխաները եկան և մեծ
անհամբերությամբ ձեռք բերելով գիրքը` սկսեցին հարցնել արդեն 6-րդ հատորի մասին»։
Փառատոնին մասնակցում էին մանկական գրքերի հրատարակիչները, ուսումնակրթական խաղեր ստեղծողներն ու ուսումնական կենտրոնները։ Միջոցառումների ընթացքում ներկայացվել են մանկական գրականության լավագույն նմուշները` այն , ինչ հրատարակվում է այսօր։
Կազմակերպվել են նաև ծնողների համար նախատեսված դասախոսություններ` ինչպես ընտրել գիրք, ինչպես մոտիվացնել երեխաներին կարդալ այն։ Անցկացվել են տարբեր թեմաներով քննարկումներ հոգեբանների և ծնողների միջև։
«Բոլոր տաղավարներում ունեցել ենք մեծ զեղչեր և նվերների տեսքով ևս խթանվել է գրքի տարածումը։ Փառատոնի իրականացման գործում կարևոր դեր ունեցան մեր գործընկերները` հրատարակիչները, որոնք միացան փառատոնին, «Բեկոն» պրոդուկտը և Ինեկոբանկը»,-մանրամասնեց Աստղիկ Օհանյանը։
Փառատոնն ամփոփվել է «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթով, որի ընթացքում երեխաները գրել են հեքիաթներ և նկարազարդել, հանդիպել մանկագիրների և հեքիաթագիրների հետ` հնարավորություն ունենալով տեսնելու իրենց սիրելի գրքերի հեղինակներին։ «Այս օրերին շատ ծնողների ենք հանդիպել և մեր գործընկերները նույնպես փաստել են փառատոնի հաջողված լինելը։ Կարծում եմ՝ այս տարի իրականացավ այն, ինչ նախատեսել էինք, իսկ մյուս տարի արդեն հանդես կգանք նոր ծրագրերով»,-ասաց հանրային կապերի պատասխանատուն։
Հավելենք նաև, որ հունիսի 1-ից մեկնարկել է «Զանգակ» հրատարակչության կողմից կազմակերպվող ամենամյա «Ամառային ընթերցանություն» ծրագիրը։