04/06/2022 10:17
«Հրապարակ». Ընդդիմության հանրահավաքներին չի հաջողվում նկարահանող սարքեր օդ բարձրացնել և ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում
Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների և երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել և ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։ Դրանք աշխատում են այսպես. կառավարումից զրկում են սարքը, և դրոնները 10-15 մետր օդ բարձրանալով՝ վայր են ընկնում։ Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները, քանի որ նրանց հասանելի են անվտանգության կոդերը, որով հնարավոր է շրջանցել արգելքները։ Սրանով է պայմանավորված, որ իշխանական կողմն իր ուզած պահին ու ժամին ֆիքսում է բողոքի ակցիաները և, որպես կանոն, նկարահանում ու հրապարակում ոչ մարդաշատ հանրավաքների լուսանկարներ։ Ի դեպ, սկզբում Հանրապետության հրապարակի տարածքում էր միայն խլացուցիչ տեղադրված, իսկ հիմա ամենուր է։ Մասնագետները ենթադրում են, որ հատուկ մեքենաներով դրանք ուղեկցում են երթը»։