04/06/2022 15:34
Դեսպանատների, միջազգային կառույցների լռությունը «վճարվում է» ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում Փաշինյանի կողմից էլ առավել պարտվողական ու զիջողական դիրքով. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է երեկ հրաման տվել կիրառել հատուկ միջոցներ:
«Փաշինյանը երեկ իր նյարդային դրսևորումների գագաթնակետին հասավ ու անհիմն հրաման տվեց կիրառել հատուկ միջոցներ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ նրա՝ սա ևս մեկ կարմիր գիծ էր, որն անցավ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսի ժողովուրդ չի լինում, ուղղակի չի լինում, այսպիսի ցուցարար չի լինում, որ կիրառվի լուսաձայնային նռնակ ու գրեթե ոչ մեկ տեղից չշարժվի, սա է ցուցիչը մեր ազգի», - նշեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ արևմտյան երկրների հանցավոր լռությունը խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող վայրագությունների հետ կապված արժեք ունի:
«Ես հիմնավոր կասկած ունեմ մտածելու՝ որպեսզի չստանա հանդիմանող հայտարարություններ այս կամ այն միջազգային կառույցից, Փաշինյանը զոհում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում այս կամ այն կետերը, որովհետև դա անմտություն է՝ լինելով միջազգային խոշոր բանակցության մեջ, նման խոցելիություն ստեղծել երկրի համար, իրականացնել նման հակաժողովրդավարական գործողություններ: Իմ կարծիքով՝ արևմտյան որոշ դեսպանատների, միջազգային որոշ կառույցների լռությունը «վճարվում է» ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Փաշինյանի կողմից էլ առավել պարտվողական ու զիջողական դիրքով», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: