06/06/2022 13:55
ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշությունը. Արարատ Միրզոյան
Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո։
2021-ի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը:
Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:
«Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշանական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը և այս գործոններն էլ, համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: