07/06/2022 11:42
ԱՆ-ին կհատկացվի հավելյալ 5.2 մլրդ դրամ․ քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերի շրջանակում․ Նախարար
ԱԺ-ում 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը Առողջապահության նախարարը նկատեց, որ դիմելիության աճ կա, որը պայմանավորված է կորոնավիրուսով։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, նկատվում է հիվանդացության աճ:
«Մենք դիմել ենք կառավարություն, և կառավարությունն արդեն իսկ առաջիկա նիստով նախարարությանը կհաստատի հավելյալ 5.2 մլրդ դրամի հատկացում, որի արդյունքում այն ծրագրերը, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվեն հավելյալ միջոցներով, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում»,- ասաց Ավանեսյանը:
Սակայն եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և օգնություն ստանա առաջնահերթության կարգով:
«Մեր կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այդ հերթագրումները հնարավորինս կարճ ժամկետներում լինեն», - ասաց Ավանեսյանը:
Նախարարությունն այս շաբաթ արդեն կստանա 5.2 մլրդ դրամը և կսկսի բաշխման աշխատանքները: Բայց, ընդհանուր առմամբ, նախարարության տարեկան հավելյալ միջոցների կարիքը 10.1 մլրդ դրամի շրջանակում է: Ավանեսյանը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ ապահովելու կարիք ունեցող քաղաքացիների բժշկական օգնությունը: