07/06/2022 19:30
Աստիգմատիզմ. ախտանշանները, բուժումը
Աստիգմատիզմն աչքի օպտիկական արատ է, արտահայտվում է մշուշոտ, աղավաղված պատկերներով, սովորաբար առաջանում է աչքի եղջերաթաղանթի կամ ոսպնյակի ոչ ճիշտ կորության հետևանքով, կարող է համակցվել հեռատեսությամբ և կարճատեսությամբ։
Ախտանշանները՝
• Աղավաղված տեսողություն
• Աչքերի հոգնածոթյուն
• Ծանրության զգացում
• Լարվածություն
• Գլխացավ
Հետազոտությունները՝
• Եղջերաթաղանթի տոպոգրաֆիա՝ եղջերաթաղանթի մակերևույթի պատկերը ստանալու համար
• Ավտոռեֆկերատոմետրիա՝ հասկանալու համար՝ կա կարճատեսություն, հեռատեսություն թե աստիգմատիզմ, թե համակցված են։
Աստիգմատիզմը աչքի երկու հիմնական բեկող առանցքների միջև բեկման ուժերի տարբերությամբ պայմանավորված խնդիր է. նույն պատկերից եկող ճառագայթները ոչ թե մեկ կետում են հատվում, այլ՝ երկու տարբեր կետերում։
Տարբերակում են բնածին և ձեռքբերովի աստիգմատիզմ. առաջանում է վիրահատություններից հետո, երբ եղջերաթաղանթի վրա կատարվում են կտրվածքներ, եղջերաթաղանթի վնասվածքներից հետո կամ եղջերաթաղանթի հիվանդության՝ կերատոկոնուսի հետևանքով։ Եթե բնածին աստիգմատիզմ է, չի փոխվում ոչ չափը, ոչ տեսակը։
Կերատոկոնուսով պայմանավորված աստիգմատիզմի դեպքում նախ պետք է հիվանդության զարգացումը դադարեցնել, քանի որ հիվանդության զարգացմամբ մեխանալու է աստիգմատիզմի չափը, վատթարանալու է տեսողությունը, բարդանալու է բուժումը։ Կարևոր է հիվանդության վաղաժամ հայտնաբերումը։
Աստիգմատիզմը տեսողության խանգարում է, որ կարելի է շտկել ակնոցի, կոնտակտային լինզայի, լազերային կորեկցիայի միջոցով։ Երեխայի դեպքում ակնոց նշանակվում է ամբողջ օրվա համար՝ որպեսզի տեսողությունը ճիշտ զարգանա, ծուլություն չառաջանա։ Մեծ տարիքում ակնոց կարելի է դնել տեսողությունը ծանրաբեռնելիս։
Նախքան լազերային կորեկցիան արվում է համապարփակ հետազոտություն՝ բացառելու համար եղջերաթաղանթի հիվանդությունները։ Կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի դեպքում լազերային միջամտությունն արվում է տեղային անզգայացմամբ, յուրաքանչյուր աչքի միջամտությունը մոտավորապես 5 րոպե է, անցավ է, բայց առաջացնում է դիսկոմֆորտ։ Լազերային վիրահատություն ցուցված է 18 տարեկանից սկսած, մինչ այդ տեսողությունը փոփոխական է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։