07/06/2022 20:00
Նիհարեցնող համարվող ո՞ր մթերքն է իրականում քաղց առաջացնում և ինչպե՞ս վարվել
Սննդաբանները բացատրում են, թե ինչու՞ է մարդը սննդամթերքի կամ մրգի որոշ տեսակներ ուտելուց հետո քաղց զգում և ինչու՞ է նիհարեցնող հատկություն ունեցող մթերքը հատկապես երեկոյան «ստիպում», որ ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդը, այնուամենայնիվ, բացի սառնարանի դուռը։
Մասնագետների պնդմամբ՝ դիետիկ համարվող մթերքի որոշ տեսակներ, օրինակ՝ կեֆիրը կամ խնձորը, հաճախ օգուտ չեն տալիս ավելորդ քաշից ազատվելիս, քանի որ դրանք չեն պարունակում օգտակար բոլոր մակրոէլեմենտները՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր։ Երբ մարդը քիչ քանակությամբ այդպիսի մթերք է գործածում, այն քաղցը չի հագեցնում, հակառակը, «հրահրում» է, որ կարճ ժամանակ անց քաղցի զգացողություն առաջանա, քանի որ ստամոքսն ամբողջությամբ չի լցվում, իսկ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ մակրոէլեմենտները։
Ավելորդ քաշից ազատվելու ցանկություն ունեցող մարդիկ սովորաբար կանաչեղենից աղցան պատրաստելիս բուսայուղ չեն գործածում, և այն ուտելուց հետո քաղցի զգացողությունը, միևնույն է, մնում է։ Պրոտեինային կոկտեյլների դեպքում նույնն է․ դրանց հետ պետք է բանջարեղեն, միրգ կամ չորահաց օգտագործել։
Մեծ նշանակություն ունեն նաև ինսուլինային և գլիկեմիկ ինդեքսները։ Առաջինը ցույց է տալիս արյան մեջ ինսուլինի մակարդակը՝ այս կամ այն մթերքն օգտագործելուց հետո, երկրորդը՝ գլյուկոզայինը, որի բաղադրությունն արյան մեջ բարձրանում է՝ սնունդն ընդունելուց հետո։ Եթե ինդեքսները բարձր են, մարդն ուտելիլքից հագեցվածության զգացում է ունենում, բայց այն շատ կարճ է տևում, հետո քաղցի անհաղթահարելի զգացողություն է արթնանում։
Ավելորդ քաշից ազատվելու ցանկություն ունեցող մարդիկ հաճախ երեկոյան ժամերին կեֆիր են խմում կամ կաթնաշոռ ուտում, բայց գիշերային ժամերին չեն կարողանում հաղթահարել քաղցի զգացողությունն ու վազում են սառնարանի մոտ՝ այն պատճառով, որ նշված կաթնամթերքի ինսուլինային ինդեքսը բարձր է։
Շատերն էլ օրվա ընթացքում քաղցը փորձում են հագեցնել մրգով՝ հաշվի չառնելով, որ հարկավոր է նաև սպիտակուցներ ընդունել։ Ֆրոկւտոզան իրականում արագ հագեցնում է քաղցը, բայց կարճ ժամանակ անց մարդու ախորժակը բացվում է։
Նրանք, ովքեր ուզում են «գրագետ» նիհարել, ըստ սննդաբանների, բոլորովին կարիք չունեն շատ երկար ժամանակ կամ ամբողջ կյանքի ընթացքում հրաժարվել համեղ սննդից և ուտել միայն, օրինակ, հավի եփած կրծքամիս։ Սննդամթերքի ցանկացած տեսակից, ըստ մասնագետների, կարելի է օգտվել, բայց հիմնական սնունդն ընդունելուց հետո, փոքր քանակությամբ և չչարաշահել այն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։