07/06/2022 19:10
Սիսեռ. օգտակար հատկությունները, հակացուցումները
Սիսեռը բարդ ածխաջրերի, սպիտակուցների աղբյուր է։ Պարունակում է մեծ քանակությամբ թաղանթանյութ, B խմբի վիտամիններ, ինչպես նաև կալցիում, կալիում, մագնեզիում, որ խթանում են սրտամկանի աշխատանքը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը։ Սիսեռը պարունակում է գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները։ Գլիկեմիկ ինդեքսը ցածր է։
Սիսեռի օգտագործումը նվազեցնում է հաստ աղիի քաղցկեղի առաջացումը, ինչպես նաև օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։
• Մաքրում է օրգանիզմը տոքսիններից
• Սնուցում է մկանները, անոթները
• Ամրացնում է անոթների պատերը
• Բարելավում է մարսողությունը
• Կարգավորում է նյութափոխանակությունը
Բուսական սպիտակուցի աղբյուր է, հագեցնում է, կանխնում սովի զգացումը։
Պարունակում է Օմեգա 3 և 6, վիտամին Е. բարելավում է մազերի, մաշկի, եղունգների որակը։ Հակաօքսիդանտ հատկության շնորհիվ պայքարում է ծերացման դեմ, կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, օգտակար է հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։
Գնելիս ուշադրություն է պետք դարձնել գույնին, ամրությանը, հարթ մակերեսին։ Պահպանել պետք է ապակյա հերմետիկ տարայում՝ սուր հոտ ունեցող մթերքներից հեռու։
Հակացուցումներ
Որովայնում կարող է ծանրության, դիսկոմֆորտի զգացում առաջացնել։ Մարսողական համակարգի խնդիրներ ունեցողները պետք է սահմանափակեն սիսեռի օգտագործումը, ցանկալի է պատրաստելուց առաջ թրջել ջրում։ Հակացուցված է նաև խոցի, ցիստիտի, հոդատապի, թրոմբոֆլեբիտի դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։