07/06/2022 18:40
Ստենոկարդիա՝ ցավ կրծքավանդակում. պատճառները, ախտանշանները, հետազոտությունները
Ստենոկարդիա կամ կրծքային հեղձուկ՝ բնորոշվում է որպես սեղմոցի և անհանգստության զգացում կրծքավանդակում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Հիմքում սրտի պսակաձև զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումն է։ Սրտի իշեմիկ հիվանդության տարածված ձևերից է։
Ախտանշանները՝
• Կրծքի շրջանի սեղմող, ճնշող ցավերով հանկարծակի նոպաներ, որ դրսևորվում են հիմնականում ֆիզիկական ակտիվության ժամանակ
• Հետկրծոսկրային շրջանի ցավ, որ կարող է ճառագայթել դեպի ձեռքեր, պարանոց, ստորին ծնոտ, էպիգաստրալ շրջան
Տիպիկ ստենոկարդիա՝
• Հետկրծոսկրային շրջանի դիսկոմֆորտ
• Պրովոկացվում է ֆիզիակական և էմոցիոնալ սթրեսներով
• Անցնում է հանգստանալիս կամ նիտրոգլիցերենի ենթալեզվային ընդունումից՝ րոպեների ընթացքում
Ստենոկարդիայի տիպիկ նոպան ունի սեղմող, ճնշող, այրող բնույթ, տեղակայվում է հետկրծոսկրային շրջանում, ճառագայթում դեպի պարանոցը, ստորին ծնոտը, էպիգաստրալ շրջան։ Սովորաբար տևում է 1-20 րոպե, դադարում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դադարից հետո կամ նիտրոգլիցերեինի ենթալեզվային ընդունումից 1-3 րոպեի ընթացքում։
Առանձնացվում է ռիսկի գործոնների երկու խումբ՝ կառավարելի (զարկերակային ճնշում, ճարպերի քանակը արյան մեջ, շաքարային դիաբետ, ֆիզիկական ոչ բավարար ակտիվություն) և անկառավարելի (սեռ, տարիք, ժառանգություն):
Առաջացման հիմնական պատճառը սրտամկանի անբավարար արյունամատակարարումն է։ Սիրտը սնուցող անոթները նեղանում են, ստեղծում է խոչընդոտ արյան շրջանառություն ապահովելու համար։
Հիվանդության զարգացումը կանխելու համար կարևոր են՝
• Ծխախոտից հրաժարվելը
• Առողջարար սննդակարգը
• Ֆիզիկական բավարար ծանրաբեռնվածությունը
• Կրծքավանդակում ցավ հնարավոր է նաև սրտային և արտասրտային պատճառներով
Արտասրտային պատճառները՝ թոքային, մարսողական տրակտի հիվանդություններ, կրծքավանդակի նյարդա-մկանային և ոսկրային հիվանդություններ, փսիխիկ, աֆեկտիվ վիճակներ։
Ցավի բնույթի տարբերակում կարևորվում է պատճառները հասկանալու, ճիշտ բուժում նշանակելու համար։
Հետազոտությունները՝
• Էլեկտրասրտագրություն՝ էսգ
• Էխոսրտագրություն
• Անգիոգրաֆիա պսակային անոթների պատկերմամբ
• Կորոնար անոթների համակարգչային շերտագրում
• Հոլտեր մոնիթորինգ
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։