07/06/2022 13:02
Զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք օրենքի տառին համապատասխան են գործում. Անահիտ Ավանեսյան
Բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն, նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել, ունեցել ենք ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ևս ստացել են օգնություն և դուրս են գրվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների հետևանքով վնասվածքներ ստացածների առողջական վիճակին։
«Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, այս պահին նրա առողջական վիճակը բավարար է, հույս ունենք՝ մոտակա օրերին դուրս կգրվի», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել,
«Եղել են մանր պատռվածքներ։ Մեր լիազորությունների շրջանակում չէ գնահատելը, թե ինչից է եղել և ինչպես։ Դրանք հիմնականում եղել են հարվածների հետևանքով», - նշեց նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների վնասվածքների մասին է։
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ՝ Ավանեսյանը պատասխանեց․
«Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների, օրենքի տառին համաձայն և իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշեմ, որ իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք իսկապես փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում»։