07/06/2022 09:10
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանին մոտ 20, իսկ Օնիկ Գասպարյանին 10 անգամ հրավիրել են հարցաքննության. նոր բացահայտումներ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում: Մասնավորապես, նախաքննական մարմինն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում Զինված ուժերի պաշտոնատար անձանց:
Տեղեկացանք, որ օրերս հարցաքննության են հրավիրվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին այլ պաշտոնյաներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից զինվորական քննչական կտեղափոխի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ դարձյալ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը հարցաքննելու է պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործերի շրջանակում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանն արդեն մոտ 20 անգամ հրավիրվել է նախաքննական մարմին՝ հարցաքննության, իսկ Օնիկ Գասպարյանը մոտ 10 անգամ է հրավիրվել հարցաքննության: Առաջիկայում ուշագրավ բացահայտումներ ու կալանավորումներ են սպասվում»։