07/06/2022 12:45
Վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից Aysor.am-ին հաստատեցին Վայոց ձորի մարզում վթարի լուրը, ավելացնելով, որ վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են:
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։