07/06/2022 12:39
Առողջապահության նախարարը կարևորում է ապահովագրության համակարգի ներդրումը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեև վերջին տարիներին առողջապահական ոլորտի բյուջեն շեշտակի աճել է, սակայն բյուջեի աստիճանական ավելացումը լուծում չէ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Մենք տեսնում ենք մի քանի տարում առողջապահության բյուջեի շեշտակի աճ, ինչն անկյունաքարային է եղել, որ այս ճգնաժամային տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր ծառայությունների ետընթաց, և, ընդհակառակը, մեր քաղաքացիների մոտ ավելի ու ավելի ամրապնդվել է պետական պատվերների շրջանակում ստացված ծառայությունների նկատմամբ վստահությունը, ինչը նաև ցույց է տալիս դիմելիության աճը», - ասաց Ավանեսյանը:
Սակայն, ըստ Ավանեսյանի, առողջապահական համակարգը պետք է անցում կատարի կանխավճարային առողջապահական բյուջեի, այն է՝ առողջության ապահովագրության համակարգ ներդրվի:
«Ինչպես գիտեք, մեր ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտի մշակումը, դրա անցկացումը և աստիճանական ներդրումը Հայաստանում: Սա շատ կարևոր է, և տարիներ ի վեր այս կարևորագույն բարեփոխման վրա աշխատել ենք, բայց, ցավոք, դեռ այն չի ներառվել», - ընդգծեց Ավանեսյանը: