07/06/2022 09:15
«Հրապարակ». Թվում էր, թե Պապիկյանը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա, սակայն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա՝ անվտանգային բազում խնդիրներ, պատերազմի հետևանքով եռապատկված սահմանները կահավորված չեն, վրանների ու անվադողերի հույսին ենք։ Բանակի ղեկավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով, սակայն ԶՈՒ ԳՇ-ն դեռ պետ չունի, իսկ նախարար Սուրեն Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով, ներկուսակցական աշխատանքով։
Հանգստյան օրերին Պապիկյանը ՔՊ ակտիվի հետ այցելել է Տավուշի մարզի Իջևան համայնք և մասնակցել տեղի տարածքային կազմակերպության նիստին, որի ժամանակ ընտրվել է ՔՊ տարածքային կազմակերպության խորհուրդ։ Ինչպես հայտնի է, ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի օրինակով, վարչությունից բացի, նոր մարմին է ձևավորում՝ կուսակցական խորհուրդ։
Մինչև սեպտեմբերի համագումարը՝ այդ մարմինը պետք է ձևավորվի, իսկ դրանից առաջ պետք է նախ տարածքային խորհուրդներ ձևավորվեն։ Հիշեցնենք, որ Պապիկյանը Փառուխի դեպքերի ժամանակ էլ մասնակցում էր Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին»։