08/06/2022 10:25
ԵԽ-ն Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել հայկական ժառանգությունը պաշտպանելու հանձնառությունը
Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում հորդորել է այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում, որն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին: Մասնավորապես, նշվել է, որ ԵԽ-ն «ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցման գործընթացը՝ կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ: «ԵԽ-ն այս փորձը համարում է խիստ դրական զարգացում, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարեկեցության ու անվտանգության վրա, ԵԽ-ն հորդորում է կողմերին առաջ տանել այս ջանքերը՝ հանուն իրենց հարաբերությունների լիակատար կարգավորման ու կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է զեկույցում:
Եվրապատգամավորները հորդորել են Թուրքիային «ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար՝ ներառյալ Հայոց ցեղասպանության հարցի կարգավորումը, և լիարժեքորեն հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»: Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է դառնալ ուղի՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար: ԵԽ-ն, հղում անելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականի ապրիլի 15-ին կառույցի կողմից ընդունված բանաձևին, հերթական անգամ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Զեկույցում նշվել է նաև, որ թեպետ Թուրքիան բազմիցս հայտարարել է ԵՄ անդամ դառնալու նպատակի մասին, այդուհանդերձ, վերջին երկու տարիների ընթացքում երկիրը հետևողականորեն հետ է կանգնել անդամակցության գործընթացի հետ կապված իր պարտավորություններից: Զեկույցում ընդգծվել է նաև Թուրքիայում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների փաստը:
ԵԽ պատգամավորները նաև հորդորել են պաշտոնական Անկարային բարեխղճորեն մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին՝ կոչ անելով զերծ մնալ այս գործընթացում անհարկի ճնշում գործադրելուց: