08/06/2022 20:20
Ինչի՞ պատճառով է մարդը ժամանակից շուտ ծերանում և ո՞ր սովորություններին է պետք հրաժեշտ տալ
Բժիշկներն ու հետազոտողները բացահայտել են այն սովորությունները, որոնք, բացասաբար ազդելով օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, վաղաժամ ծերացման են հանգեցնում։ Ըստ մասնագետների՝ չափազանց շատ արևայրուք ընդունելը, գազավորված ըմպելիքները չարաշահելը, անքնությունն ու հաճախակի սթրեսները գեղեցկության ու առողջության կորստի հիմնական պատճառներն են։
Չափազանց հաճախ արևայրուք ընդունելը, մասնագետների պնդմամբ, ֆոտոծերացման, երբեմն նույնիսկ մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում։ Ֆոտոծերացման ժամանակ մաշկը կնճռոտվում է, դրա առողջ երանգը կորում է, պիգմենտներ են հայտնվում, կարմրություն է առաջանում, ուստի խորհուրդ է տրվում արևայրուք ընդունելուց առաջ արևապաշտպան միջոցներ օգտագործել, որոնք ցինկ և տիտանի երկօքսիդ են պարունակում և չեզոքացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը։
Քաղցր գազավորված ըմպելիքների չարաշահումը նյութափոխանակության խանգարումների և բջիջների վաղաժամ ծերացման կարող է հանգեցնել։ Շաքարի բարձր չափաբաժինը, որն օրգանիզմում է հայտնվում գազավորված ըմպելիքները պարբերաբար խմելիս, տոքսիկ ազդեցություն ունի և բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա։
Ֆիզիկական ակտիվության բացակայությունը կամ քիչ շարժունակությունը նույնպես վնասակար ազդեցություն ունի ինչպես մարդու մարմնի գեղեցկության, այնպես էլ առողջության վրա։ Առաջին հերթին ողնաշարի հետ կապված խնդիրներ են առաջանում․ այն կորցնում է ճկունությունը, իսկ ողնաշարի շուրջ եղած մկանային կորսետը թուլանում է։ Նստակյաց կյանք վարելու դեպքում նույնիսկ 20-30 տարեկան անձանց շրջանում կարող են խնդիրներ առաջանալ՝ հոդացավեր, մկանացավեր, կեցվածքի փոփոխություն։ Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է հատուկ վարժություններ կատարել։ Օգնում է նաև յոգան։
Անքնությունը կամ քնի խանգարումները նույնպես ժամանակից շուտ ծերացնում են մարդկանց։ Մասնագետների խորհուրդն է՝ գիշերային քունը դարձնել 8 ժամ՝ լիարժեք հանգստանալու, ուժերը վերականգնելու և ամբողջ օրվա ընթացքում աշխույժ լինելու համար։ Գիշերային 8 ժամանոց հանգիստ քնի ժամանակ դեմքի մկանները թուլանում են, մանր կնճիռները՝ հարթվում, մարդն ավելի երկար է պահպանում երիտասարդությունը։
Վաղաժամ ծերացման պատճառ է նաև ծխելու սովորությունը, ինչպես նաև օրվա աշխատանքը ճիշտ չպլանավորելը, առաջադրանքների կատարումը ճիշտ չտեղաբախշելը։ Դրա հետևանքով չլուծված խնդիրները կուտակվում են, աշխատաժամանակն արհեստականորեն երկարում է, մարդու ծանրաբեռնվածությունը, ուստի նաև՝ սթրեսային ու նյարդային հոգեվիճակը՝ դառնում քրոնիկ, իսկ նյարդային մարդիկ միշտ ժամանակից ավելի շուտ են ծերանում։
Եվ հակառակը՝ օրվա ընթացքում ստացած դրական էմոցիաները, ավելի շատ ժպտալն ու ծիծաղելը, ինչպես նաև ինքնազարգացումը՝ օգտակար գրքեր կարդալը, ուսուցողական ֆիլմեր ու հաղորդաշարեր դիտելը, թատրոն ու թանգարաններ հաճախելը մարդուն կենսական էներգիա են հաղորդում, «ստիպում» են ապրել, ուստի հարկավոր է նաև չմոռանալ հոգևոր սննդի մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։