08/06/2022 16:04
Վերաքննիչ դատարանը հրաժարվում է փաստաբանին տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրվա և ժամի մասին
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հրավիրում է լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը, արդեն 2-րդ օրն է՝ հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։
Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը՝ դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։
Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ՝ փորձելով 3-օրյա ժամկետը երկարեցնել։
Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը։