08/06/2022 14:45
Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը
Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել է Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը:
«Դատարանի աշխատակազմից եմ տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց այս պահին դատարանի որոշումը ձեռքիս տակ չկա: Մենք իրավունք ունենք դա ստանալու առձեռն. սպասում ենք, մինչև դատարանն ուղարկի: Քանի դեռ չենք ստացել, ես ձեզ ավելի հավաստի տեղեկություններ հաղորդել չեմ կարող», - ասել է նա:
Վարչական դատարանից կայքին տեղեկացրել են, որ այս պահին իրավասություն չունեն տեղեկություն տրամադրելու։
Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։